Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխանությունները թավշե հեղափոխության թեմայից բացի այլ այցեքարտ չունեն

Իշխանությունները թավշե հեղափոխության թեմայից բացի այլ այցեքարտ չունեն
08.02.2019 | 02:22

Իշխանությունների արտասահմանյան այցերը բավականին բուռն ու ջերմ են անցում: Ամենատարբեր միջոցառումների, վեհաժողովների մասնակցող պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները վերադարձից հետո վերամբարձ տոնով շեշտում են, թե ինչպես են արտասահմանցի գործընկերներին պատմել հեղափոխության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրսի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Օրերս էլ լրագրողներին նույն բանը փոխանցեցին նաև ԵԽԽՎ-ի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների հայաստանյան պատվիրակության անդամները՝ նշելով, թե եվրոպացի գործընկերները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած «վերջին գործընթացները»:


Իշխանափոխությունից հետո թավշե հեղափոխության անուշ թմբիրի մեջ գտնվող չինովնիկները վաղուց պետք է բուն գործով զբաղվեին: Թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, աշխարհն այդ մասին իմացավ նույն պահին: Խորհրդարանի լուծարումից, արտահերթ ընտրություններ անցկացնելուց, օրենսդիր ու գործադիր նոր մարմիններ ստեղծելուց հետո Հայաստանի պատվիրակներն արտասահմանցիներին հեղափոխության մասին չէ, որ պետք է պատմեն կամ գովեն իրենց: Նման ձևաչափի հանդիպումները հրաշալի առիթ են երկրի տնտեսական առաջընթացի, հարևան երկրների հետ հարաբերությւոնների, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին քննարկումներ ծավալելու համար: Փաստենք և առաջնահերթը` Արցախյան հիմնախնդրի ու մեր հարևան երկրի ռազմատենչ նկրտումների մասին կարևորագույն հարցը, ինչի մասին պետք է մշտապես խոսել՝ հաճախ նույնիսկ հաշվի չառնելով հանդիպման ձևաչափն ու բովանդակությունը:


Օրենսդիրի հավակնոտ պատգամավորների՝ միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության մասին խոսելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Իմ քայլը» դաշինքի ձեռամբ ՆԱՏՕ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տավիրակություններում խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչ չի լինի: Խելամիտ չէ նմանատիպ պատվիրակության կազմում արդեն իսկ նման հարթակներում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներին չընդգրկելն ու այն ամբողջությամբ անփորձներին վստահելը: Միջազգային ամբիոններից արտաբերված ամեն բառն ու խոսքը պետք է կշռադատված, փաստարկված, պետական շահը ներկայացնող ու հստակ ուղերձներ պարունակող լինի: Դա Ազգային ժողովի ամբիոնը չէ, որտեղ Իրանի Հանրապետությանը ավտորիտար բնորոշումը տաս, այնուհետ ներողությունը խնդրես վրիպակի համար:


Հայաստանում տեղի ունեցածն իրականում հեղափոխություն էր, թե բունտ, պարզ արտացոլվում է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ հեղափոխության գաղափարախոսության՝ ակնկալվում էր, որ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացներ՝ աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով: Պետք է համազգային քննարկումներ ընթանային, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այնքան ելույթներ ունենային, որ ամբողջ ազգը նրանց անուն առ անուն ճանաչեր: Նույնիսկ փողոցներում մարդկանց որսային ու հարցնեին՝ մեզանից ինչ սպասելիքներ ունեք: Մի խոսքով` մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է հանգիստ չտար: Բայց տեսանք, որ նախորդ իշխանություններին ճառ ու կենաց ասելու մեջ մեղադրող ներկաներն այժմ էլ ավելի «ճոխ» կենաց-ծրագիր են ներկայացրել՝ պետական այդ փաստաթղթում չմոռանալով ևս մեկ անգամ նշել, որ կառավարության ծրագիրը նպատակ ունի երջանկացնելու մարդկանց:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ